Ադրբեջանցի հեղինակի նովելը, որտեղ նա էթնիկ հայերին համակրանքով է ներկայացնում, բուռն դժգոհության ալիք է առաջ բերել Ադրբեջանում: Ադրբեջանցի օրենսդիրները դատապարտում են նրա աշխատանքը, իսկ ցուցարարներն այրում են հեղինակի գիրքը: Այս մասին գրում է «The New York Times»-ը:

«Քարե երազներ» նովելը նախկին պատգամավոր Աքրամ Այլիսլին հրապարակել է 2012-ի դեկտեմբերի կեսերին, սակայն հակազդեցության ալիքն ուժգնացել է միայն նախորդ շաբաթ, երբ լրատվամիջոցներն սկսել են խոսել այդ ստեղծագործության մասին եւ դատապարտել այն:

Հինգշաբթի մի քանի տասնյակ մարդուց կազմված ամբոխը հավաքվել է Այլիսլիի տան մոտ եւ այրել նրա նկարը: Ադրբեջանի խորհրդարանի նիստում, փետրվարի 1-ին, օրենսդիրները քննադատել են նովելը, իսկ նրանցից մեկն առաջարկել է Այլիսլիին զրկել քաղաքացիությունից, իսկ գրողին առաջարկել է մեկնել Հայաստան:

Մեկ այլ պատգամավոր` Մալահիթ Իբրահիմը հայտարարել է. «Նա վիրավորել է ոչ միայն ադրբեջանցիներին, այլ ողջ թուրք ժողովրդին»` վկայակոչելով գրքի այն հատվածը, որտեղ  քննարկվում է հայերի նկատմամբ թուրքական բռնությունը:

Ստեղծագործությունը պատմում է երկու ադրբեջանցիների մասին, ովքեր փորձում են իրենց հայ հարեւանին պաշտպանել բռնությունից. սա շատ սուր թեմա Ադրբեջանում, երկրում, որը դեռ պարուրված է պատերազմով, որը վարել է երկու տասնամյակ առաջ Հայաստանի հետ: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը փորձում է վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը եւ ապահովել  ադրբեջանցիների  վերադարձը, որոնք ստիպված էին լքել իրենց տները:

75-ամյա Այլիսլին ասում է, որ իր գիրքը, որն ավարտել է 2007թ-ին, կարող է մեծ աղմուկ առաջացնել: Նա ասում է, որ որոշել էր այն հրապարակել անցած տարի համամատաբար քիչ հայտնի ռուսալեզու «Дружба народов» ամսագրում, քանի որ ռուսախոս մարդիկ, որպես կանոն, ավելի լավ են կրթված եւ ավելի առաջադեմ են:

«Հայերն ինձ թշնամի չեն, ինչպե՞ս կարող են թշնամի լինել։ Ես 21-րդ դարում ապրող գրող եմ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ուշանում է, եւ երկու երկրների միջեւ թշնամությունն աճում է։ Ես ցանկանում եմ իմ ավանդը ներդնել խաղաղ կարգավորման գործում»,- զրույցի ընթացքում ասել է նա։

Նա հավելել է, որ ցնցված է եղել արձագանքի կոպտությունից։

«Ես ոչ մի վիրավորական բան չեմ ասել, հայրենիքս չեմ դավաճանել: Ես նկարագրել եմ՝ ինչպես է ադրբեջանցին օգնում հային։ Ի՞նչ վատ բան կա դրանում»,- ասել է նա։

Բողոքողները դագաղում դրել են ամսագրի պատճենը, որում հրապարակվել էին «Քարե երազները», եւ  ցուցադրական թաղում կազմակերպել պատերազմում զոհված ադրբեջանցիների հուշարձանի մոտ։

Սոցիալական մեդիայի օգնությամբ երիտասարդները քննարկել են գրքի առանձին հատվածներ, որոնք հատկապես տհաճ են համարել։ Օրինակ այն նկարագրությունը, թե ինչպես է երիտասարդ հերոսը ցանկանում է քրիստոնյա դառնալ եւ «Աստծուն խնդրել ներել մուսուլմաններին հայերի նկատմամբ գործած մեղքերի համար»։ Հայաստանը գերազանցապես քրիստոնյա երկիր է, իսկ ադրբեջանցիների մեծամասնությունը մահմեդական է։

Հայտնի վիպագիր, 28-ամյա Գան Տորալին նշել է, որ ստեղծագործության գեղարվեստական արժանիքները գնահատել է, սակայն կարծում է, որ Այլիսլին սխալ ժամանակ է ընտրել հայերին դրական լույսի ներքո ներկայացնող վեպ հրատարակելու համար։