«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այսօր՝ փետրվարի 2-ին, այցելել էր ԱԺ նախկին անկախ պատգամավոր, այժմ խորհրդարանում ՀՀ նախագահ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե Պարույր Հայրիկյանը դիմի ՍԴ, ապա երկու շաբաթ կհետաձգվեն ընտրությունները եւ այդպես կպահպանվեն թեկնածուների համար հավասար պայմանները, քանի որ այժմ թեկնածուներից մեկը չի կարող քարոզարշավ իրականացնել: «Ես, որպես «Ընտրական օրենսգրքի» հեղինակներից, այն կարծիքին եմ, որ թեկնածուների հավասարությունը չպետք է խաթարել, առավել եւս, եթե ապագայում նման դեպք տեղի ունենա եւ հավասարությունը խաթարվի, սա կարող է շահարկվել եւ օգտագործվել, որ տեսեք, որ Հայաստանում ընտրությունները անցել են ոչ մրցակցային պայմաններում»,- ասել է Վիկտոր Դալլաքյանը:
Նա նաեւ նշել է, որ քանի որ Հայրիկյանը հայտնի է իր պետական մտածողությամբ, կարծում է՝ ճիշտ որոշում կկայացնի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























