Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի ենթարկվելու փաստի առթիվ ստեղծված օպերատիվ քննչական խմբի կողմից մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնք ստուգվում են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:
Նա նշեց, որ քրեական գործով կատարվում են օպերատիվ քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական, մատնադրոշմային, դատաձգանական եւ այլ փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է: Այլ մանրամասներ Արծվին Բաղրամյանը չհաղորդեց՝ ելնելով նախաքննության շահերից:
Մեր տեղեկություններով՝ Պարույր Հայրիկյանը դեռ չի հարցաքննվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























