Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱԻՄ առաջնորդ, Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանը Պարույր Հայրիկյանին մաղթել է քաջառողջություն եւ շուտափույթ ապաքինում` հույս հայտնելով, որ նա շուտով կվերադառնա ակտիվ քաղաքական գործունեությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել Տպագրիչների 9 հասցեում ` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:




























