Հունվարի 21-ից հացադուլ անցկացնող նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հացադուլը շարունակելու է մինչեւ ընտրությունների ավարտը` քվեարկության օրվա արդյունքների ամփոփումը: Եթե ընտրությունները 14 օրով հետաձգվեն, բնականաբար  հացադուլը եւս 14 օրով կերկարացվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:

Նա միաժամանակ հիշեցրեց, որ ինքը իսկզբանե չի մասնակցել նախընտրական քարոզարշավին, այլ իր ասելիքը տեղ է հասցրել հացադուլի միջոցով: Հարկ է նկատել, որ եթե Անդրեաս Ղուկասյանը դիմի այդ քայլին, նրա հացադուլը կտեւի առնվազն 42 օր: Հարցին, թե  առողջությունը կների, նա արձագանքեց. «Այո, իմ կամքը թույլ կտա: Դա իմ պարտավորությունն է: Ես ունեմ ծրագիր, նպատակ եւ շարժվում եմ այդ ծրագրով»:

Դիտարկմանը, թե ի՞նչ է տվել իր հայտարարած հացադուլը, ի՞նչ փոփոխություն  զգում այս օրերի ընթացքում, Ղուկասյանն ասաց. «Ես զգում եմ, որ իշխանությունը գտնվում է ճգնաժամի մեջ: Հիմա, թե ինչով է դա պայմանավորված, առանձին խոսակցություն է: Բնականաբար հացադուլը նշանակություն ունի, քաղաքական ազդեցություն ունի եւ ես այդ ազդեցությունը զգում եմ այստեղ: Այն առանցքային նպատակները, որ ես դրել եմ, բոլորին հասնում եմ»: Վերջինս նաեւ չի կիսում նախագահի  թեկնածու Վարդան Սեդրակյանի այն գնահատականը, թե Պարույր Հայարիկյանի դեմ իրականացված մահափորձից հետո Անդրեաս Ղուկասյանի հացադուլը ծիծաղելի է դառնում: «Այն, ինչ կատարվեց Պարույր Հայրիկյանի նկատմամբ, եւս մեկ անգամ վկայում են, որ ընտրությունները շինծու են եւ եւս մեկ արգումենտ է, որ իմ բարձրացրած պահանջը ճիշտ է: Երկրում բացակայում է ազնվության, արդարության, օրինականության մթնոլորտը: Սա եւս  ինձ ամրապնդում է իմ համոզմունքը, որ ես ժամանակին եւ ճիշտ պահանջ եմ դրել, որ անհրաժեշտ է վերջ տալ մեր երկրում շինծու ընտրություններին»,- ավելացրեց Անդրեաս Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել ԳԱԱ շենքի դիմաց եւ պահանջում է, որպեսզի իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից: Հունվարի 28-ին նրա հացադուլին է միացել նաեւ նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Հունվարի 25-ին եռօրյա հացադուլով նախագահի թեկնածուին էր միացել նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը: