Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը  Հայաստանի պետականության դեմ ուղղված չարագործություն է: Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության հայտարարությունում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

«Ռուսաստանի հայերի միությունն անհանգստացած է Հայաստանի նախագահի թեկնածու, հայտնի քաղաքական գործիչ, Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առնչությամբ: Մենք նման հանցագործ ակցիան գնահատում ենք որպես Հայաստանի պետականության եւ նրա միջազգային վարկի դեմ ուղղված չարագործություն եւ հույս ունենք, որ այդ հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Այդ ստոր քայլի թիկունքում կանգնած ուժերին չի հաջողվի կարեւորագույն քաղաքական միջոցառման՝ նախագահական ընտրությունների նախաշեմին խարխլել Հայաստան պետության ժողովրդավարական կարգը»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: