Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն միջազգային անվտանգության մյունխենյան 49-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար մեկնել է Մյունխեն, որտեղ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Թուրքական Haber7-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարարը Բավարիայի վարչապետի կողմից տրված ճաշի ընթացքում նստել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի կողքին եւ զրուցել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան դեմ իրականացված հարձակումից եւ տարածաշրջանային զարգացումներից:

Բացի այդ, Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերրիի հետ`շնորհավորելով նրան նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն իր ափսոսանքն է հայտնել Անկարայում ԱՄՆ դեսպանատան դեմ իրականացված հարձակման առնչությամբ` շեշտելով, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում իր համերաշխությունն է հայտնում ԱՄՆ-ին:

Այնուհետեւ կողմերը մոտ 30 րոպե տեւած հեռախոսազրույցի ժամանակ խոսել են տարածաշրջանային խնդիրների, այդ թվում Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակի մասին: Ջոն Քերրին նշել է, որ Դավութօղլուն առաջին ԱԳ նախարարն է, ում հետ հեռախոսազրույց է ունենում նոր պաշտոնում:

Ավելի ուշ, Դավութօղլուն հանդիպում է ունեցել Իրանի իր գործընկեր Ալի Աքբար Սալեհիի, Հունաստանի վարչապետ Դիմիտրիս Ավրամապուլոսի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: