Կուբայում տեղի են ունեցել Ազգային ասամբլեայի (մեկ պալատ ունեցող խորհրդարան ) եւ երկրի 15 նահանգների ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ըստ  ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների`  «իսկական ժողովրդավարության տոնին» մասնակցել են շուրջ ութ միլիոն կուբացիներ` ընտրելու իրավունք ունեցող 8,632 միլիոն մարդուց, ընդ որում`  140 հազար մարդ քվեարկել են առաջին անգամ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն անձամբ է քվեարկել համընդհանուր խորհրդարանական ընտրություններում: Նա ժամանել է մայրաքաղաքի Վեդադո թաղամասի ընտրատեղամաս, որտեղ նա քվեարկում է 1976թ.-ից: Քաղաքական գործիչն իր քվեաթերթիկը  գցել է քվեատուփի մեջ, որից հետո սկսել է զրուցել հավաքվածների հետ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նա առաջին անգամ է երեւացել հանրությանը 2012թ. հոկտեմբերից հետո, երբ Հավանայի Nacional հյուրանոցում հինգժամյա հանդիպում էր անցկացրել Վենեսուելայի նախկին փոխնախագահ Էլիաս Խաուայի հետ, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կուբայի Պետխորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն քվեարկել է Սանտյագո դը Կուբայում, որտեղ ավելի վաղ այցելել էր «Սենդի» փոթորիկից տուժած մի շարք թաղամասեր:

Խորհրդարանի 612 տեղին հավակնում է հենց այդքան էլ թեկնածու, որոնք ներկայացնում են հասարակության  բոլոր խավերին:  Թեկնածուների մեջ կան  բազմաթիվ կանայք եւ աֆրոկուբացիներ: