ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ջոն Քերրին անցել է իր պարտականությունների կատարմանը. նա զանգահարել է Իսրայել եւ Պաղեստին:
Ըստ պետքարտուղարության հաղորդագրության` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցի ընթացքում Քերրին «ընդգծել է Իսրայելի անվտանգության աջակցության եւ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ երկարատեւ խաղաղության ձեռքբերման ձգտման իր անձնական, ինչպես նաեւ նախագահ Բարաք Օբամայի պարտավորությունները», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Նեթանյահուն էլ իր հերթին տեղեկացրել է Քերիին, թե ինչպես է ընթանում Իսրայելի նոր կառավարության ձեւավորման աշխատանքը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Քերրին եւ Նեթանյահուն քննարկել են նաեւ Իրանի եւ Սիրիայի թեմաները:
Աբասի հետ զրույցում եւս պետքարտուղարը խոսել է իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության ձեռքբերման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտության մասին, հաղորդում է NEWSru.com-ը:
ԱՄՆ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ մերձավորարեւելյան կարգավորումը կլինի Քերրիի հեռանկարային թեմաներից մեկը: Ըստ նրանց` իր առաջին արտասահմանյան այցը Քերրին, ամենայն հավանականությամբ, կկատարի դեպի Մերձավոր Արեւելք: Այդ այցի երկրների շարքում նշվում են Իսրայելը եւ Եգիպտոսը:
Բացի Նեթանյահուից եւ Աբասից, ԱՄՆ-ի նոր պետքարտուղարը հեռախոսային բանակցություններ է վարել նաեւ Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդայի, Հարավային Կորեայի արտգործնախարար Կիմ Սոն Խվանի, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, ինչպես նաեւ Կանադայի եւ Մեքսիկայի ԱԳՆ-ների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի պետքատուղարության 68-րդ ղեկավար Ջոն Քերրիի երդմնակալությունը:





























