Մեծ Բրիտանիայի դատարանը 4 տարվա բանտարկության է դատապարտել տղամարդուն, ով ընտանիքից թաքցրել է աշխատանքից հեռացվելու փաստը եւ կողոպտել իր նախկին գործատուին, որպեսզի կնոջն ապացուցի, որ դեռ ունակ է կերակրել կնոջն ու որդուն:
Ինչպես գրում է Telegraph թերթը, Դերբշիր կոմսության 48-ամյա բնակիչ Մարթին Գոդարդը մի քանի շաբաթ առաջ ազատվել է Սուոդլինքոդ քաղաքում թանկարժեք ապրանքների խանութում իր աշխատանքից եւ ստիպված է եղել գիշերել մեքենայում: Նրա կինն անընդհատ փողի մասին խոսակցություն է բացել, որի արդյունքում գործազուրկ Գոդարդը ստիպված է եղել խաբել, թե ղեկավարությունն ուշացնում է աշխատավարձը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Խանութը կողոպտելիս, Գոդարդը միայն ոչ մարդկային ձայներ է արձակել, վախենալով, որ խանութի աշխատակիցները կճանաչեն իր ձայնը: Սպառնալով դանակով, նա ստիպել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից գողացել է 9 հազար ֆունթ սթերլինգ (մոտ 14 հազար դոլար):
Այդ գումարից 200 ֆունթը նա տվել է կնոջը, իսկ 90-ը ծախսել որդու երեկույթի համար:
Կողոպտիչին շատ արագ բռնել են, հիմա նա ստիպված կլինի 4 տարի անցկացնել ճաղերի հետեւում:





























