Արդեն մեկ շաբաթ է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում տղամարդը գերի է պահում հնգամյա տղային: Ոստիկանության վերջին բանակցությունները 65-ամյա Ջիմի Լի Դայքսի հետ ձախողվել են. նա հրաժարվել է ազատել պատանդին, սակայն պահանջներ էլ դեռ չի ներկայացրել` թույլ տալով երեխային փոխանցել միայն խաղալիքներ եւ դեղորայք:
Հնգամյա Իթանը գտնվում է 1,2 մ խորությամբ բունկերում: Միդլենդ սիթիի քաղաքապետ Վիրջիլ Սքիփերը պատմել է. «Մենք գիտենք, որ նա լալիս է եւ կանչում մորը»:
Լացը լսվում է բունկերի օդափոխության համակարգի նեղ խողովակից: Հանցագործը թույլ է տվել աուտիզմի թեթեւ տեսակով տառապող երեխային փոխանցել խաղալիք, նկարչական ալբոմ, կարտոֆիլի չիփսեր եւ դեղորայք: Հայտնի է, որ բունկերում կա էլեկտրականություն, տաքացուցիչ, ծածկոց եւ մթերքներ, հայտնում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին բեռնատարի նախկին վարորդ, Վիետնամի պատերազմի վետերան Ջիմի Լի Դայքսը հարձակվել էր դպրոցական ավտոբուսի վրա եւ պահանջել իրեն տալ երկու երեխաների: Ավտոբուսի վարորդ 66-ամյա Չարլզ Փոլանդը փորձել էր խոչընդոտել հանցագործին: Դայքսը սպանել էր նրան, վերցրել տղային եւ փախել: Կիրակի օրը Չարլզ Փոլանդին թաղել էին որպես հերոսի:
Ջիմի Լի Դայքսը Ալաբամայի Միդլենդ սիթի գյուղակ էր տեղափոխվել երկու տարի առաջ: Հարեւանների հետ նա չէր շփվում, ապրում էր թրեյլերում եւ օրերով կառուցում էր իր բունկերը:
ՀԴԲ-ն տվյալներ կհրապարակի հարձակման հնարավոր դրդապատճառների մասին: Հնարավոր է` հանցագործին դրդել է ռասայական կամ կրոնական անհանդուրժողականությունը:





























