Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` «Արմենպրեսի» հետ զրույցում մեկնաբանելով պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերրիի նշանակումը:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերրիի պաշտոնակալմամբ կփոխվի՞ արդյոք ԱՄՆքաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ հատկապեսՀայաստանում:
-Հայաստանը Միացյալ Նահանգների համար արժեքավոր բարեկամ ու գործընկեր պետություն է: Մեր հարաբերություններն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն, եւ մենք ունենք ընդհանուր շահերի լայն շրջանակ, մասնավորապես՝ խաղաղության պահպանում ու տարածաշրջանային անվտանգություն, մեր տնտեսությունների համար շահեկան առեւտրի ու ներդրումների խթանում, ժողովրդավարական գործընթացների ու օրենքի գերակայության առաջ մղում: Մենք նաեւ հետաքրքրված ենք Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացմամբ: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախումբը քննության է առնում գործնական միջոցներ, որոնք զարկ կտան Հայաստանի տնտեսության մրցունակությանը եւ կխորացնեն հայ-ամերիկյան առեւտրատնտեսական կապերը: Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ իր ունեցած ամուր կապերը: Մենք ցանկանում ենք տեսնել առավել ուժեղ ու առավել բարեկեցիկ Հայաստան:
-Ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի նոր պետքարտուղարը հայ-ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման,Հայաստանին եւ Արցախին տրվող աջակցության եւ Հայոց ցեղասպանությանճանաչման հարցերում:
-ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու հետ կապված Սենատում անցկացված լսումների ժամանակ հանդես է եկել այդ խնդիրների վերաբերյալ հայտարարություններով:
Նա նշել է. «Միացյալ Նահանգները կարծում է, որ հակամարտության կողմերը պետք է խնդիրը լուծեն դիվանագիտական ճանապարհով: Վարչակազմը ավելի վաղ հայտարարել է, որ դեմ է կողմերի այն քայլերին, որոնք մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում եւ սպառնում են վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացին: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ որպես համանախագահող երկիր, ԱՄՆ-ն արագ արձագանքեց, երբ նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվեցին, եւ վարչակազմը այդ օրից շարունակում է բարձրացնել խնդիրը թե՛ երկկողմ քննարկումներում, թե՛ ԵԱՀԿ համանախագահների միջոցով: Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում կշարունակեմ աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին եւ ընդդիմանալ դրան վնաս հասցնող ու տարածաշրջանում լարվածություն ստեղծող ցանկացած քայլի: Միացյալ Նահանգների կառավարությունն ընդունում է պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության մայրամուտին կոտորածների ու տեղահանության զոհ են դարձել մեկուկես միլիոն հայեր եւ ցավում է դրա համար: Այդ դեպքերը դարձան 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը, եւ Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կատարվածը մեծ ցավ է Հայաստանի ժողովրդի, սփյուռքում ապրող հայերի, ինչպես նաեւ համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար:
ԱՄՆ նախագահն ամեն տարի ապրիլի 24-ին հարգում է զոհերի հիշատակը, եւ մենք երբեք չենք մոռանա պատմության այդ մռայլ էջը: Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում, որպես պետքարտուղար, իմ պարտականությունն է լինելու հավատարմորեն ներկայացնել նախագահի ու վարչակազմի քաղաքականությունը: Ինչպես Նախագահը նշել է իր ապրիլքսանչորսյան ելույթներում, 1915թ. փաստերի ամբողջական, անկեղծ արդարացի ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Նա հավելել է, որ դեպի առաջ ընթանալն անհնար է առանց անցյալի փաստերը հաշվի առնելու եւ կոչ արեց թուրք եւ հայ ժողովուրդներին առերեսվել պատմությանը: Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակներում հորդորում է Թուրքիային աշխատել Հայաստանի հետ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել հայ-թուրքական արձանագրությունների, սահմանի բացման, երկու երկրների միջեւ փոխադրումների, հաղորդակցության, կապուղիների վերականգնման եւ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման հարցերում:
Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում շարունակելու եմ մեծապես աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի երկու երկրները միասին կարողանան ձեւավորել խաղաղ, արդյունավետ ու ծաղկուն հարաբերություններ: Միացյալ Նահանգները կարծում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորումը կարեւոր է ոչ միայն երկու երկրների ապագայի համար, այլ Կովկասում տեւական կայունության ու անվտանգության ապահովման համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ որպես այդ երկու երկրների հետ մեր երկխոսության շրջանակում ներառված կարեւոր թեմա»:




























