Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի պայթյունի կազմակերպիչներն անակնկալ էին թե Թուրքիայի, թե ԱՄՆ-ի համար, քանի որ պայթյունի պատասխանատվությունն ստանձնած ծայրահեղ ձախակողմյան DHKP-C-ն (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) երկար ժամանակ ԱՄՆ-ի դեմ հարձակում չէր իրականացրել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան դեմ հարձակումից հետո տարածաշրջանային առկա զարգացումներից ելնելով՝ կասկածներն ընկան Սիրիայի կամ  «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման վրա, սակայն շատ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ հարձակումն իրականացնող Էջեւիթ Շանլըն DHKP-C-ի անդամն է, իսկ ավելի ուշ հենց DHKP-C-ն ստանձնեց պայթյունի պատասխանատվությունը՝ զարմացնելով եւ դժվար հարցեր թողնելով արեւմտյան փորձագետներին։

Իսպիրյանը հիշեցրեց, որ DHKP-C-ն 1994-ին ստեղծել է ազգությամբ զազա Դուրսուն Քարաթաշը, ով ծնվել է հայկական պատմական Խարբերդի շրջանում։  «Դուրսուն Քարաթաշի գլխավորությամբ DHKP-C-ն իրականացրել է մի շարք հարձակումներ թուրքական անվտանգության ուժերի բարձաստիճան պաշտոնյաների դեմ, իսկ վերջին շրջանում ակտիվ զինված  հարձակումներ էր իրականացնում ոստիկանատների դեմ»,-նշեց թուրքագետը՝ շեշտելով, որ օրեր առաջ թուրքական ոստիկանությունը 7 նահանգներում համաժամանակյա գործողությունն էր իրականացրել DHKP-C-ի դեմ, որի ընթացքում ձերբակալվել էին մեծ թվով անձիք, որոնց մեջ էին 15 փաստաբաններ։

Նշենք, որ փետրվարի 1-ի կեսօրին Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի շենքում պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետեւանքով մահացել է դեսպանատան թուրք աշխատակիցներից մեկը եւ մահապարտը։

Հիշեցնենք, որ DHKP-C-ի նպատակն է՝ զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։