Հայաստանյան բանտերում բանտարկյալները ենթարկվում են բռնությունների, բայց այդ դեպքերը դժվար բացահայտելի են: ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական խումբն այսօր «Կոնգրես» հյուրանոցում ներկայացրեց «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008թ.» զեկույցը, որտեղ կետ առ կետ շարադրել էր ՔԿՀ-ներում առկա հոռի բարքերն ու խնդիրները, եւ դրանց լուծման ուղիները:

Ըստ խմբի ղեկավար, իրավապաշտպան Արման Դանիելյանի, այսօր հայաստանյան բանտերում թիվ մեկ խնդիրը գերբնակեցումն է: Օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն նախատեսված է 840 հոգու համար, բայց այնտեղ 2008թ. պահվել են 947 կալանավորներ: Խցերից մեկում, որ նախատեսված է եղել 8 անձի համար, տեղադրված է եղել 12 մահճակալ, բայց պահվել են 18 կալանավորներ: «Մարդիկ ուղղակի հերթով են քնում, մահճակալները չեն հերիքում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Դանիելյանը: Գերբնակեցման հետ կապված լուրջ խնդիրներ կան նաեի «Վարդաշեն» ՔԿՀ-ում` 154-ի փոխարեն 192 կալանավոր, եւ «Էրեբունի» ՔԿՀ-ում՝ 391-ի փոխարեն 591 կալանավոր: Ի դեպ, Ըստ Դանիելյանի՝ նույնիսկ համաներումը չկարողացավ լիցքաթափել ՔԿՀ-ների գերբնակեցումը:

Արման Դանիելյանը նշեց, որ հստակ կարգավորված չէ վաղաժամկետ ազատման հարցը: «Չկան խաղի հստակ կանոններ: Դատապարտյալը երբեք չգիտի, թե ինչպես պիտի իրեն պահի, որ օգտվի վաղաժամկետ ազատվելու իրավունքի: Ստեղծվել են անկախ հանձնաժողովներ, եւ դրանց գործունեության հետեւանքով վաղաժամկետ ազատվողների թիվը մոտ 10 անգամ կրճատվել է Հայաստանում»,- ասաց Արման Դանիելյանը:

Ներկայացված զեկույցում առանձնահատուկ անդրադարձ կա կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի խնդրին: «ՔԿՀ-ներում ազատզրկվածների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերը դժվար բացահայտելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիմնարկի կողմից չեն արձանագրվում վատ վերաբերմունքի դեպքերը, իսկ բուժանձնակազմը չի գրանցում ազատազրկվածների ստացած վնասվածքները»,- նշված է զեկույցում: Ըստ զեկույցի հեղինակների՝ ՔԿՀ-ների ղեկավարությունը երբեմն նաեւ խոշտանգում է դատապարտյալներին կարգազանցության, հատկապես փախուստի փորձերի դեպքում: Որպես օրինակ զեկույցի հեղինակները նշել են 2008թ. դեկտեմբերի 23-ի դեպքերը, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնության են ենթարկվել Գրիգոր Ոսկերչյանն ու նրա խցակիցները, եւ լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել:

Ինչեւէ, դիտորդական խումբը լուրջ խնդիրներ է նկատել սնունդի, բուժսպասարկման, դատապարտյալների՝ արտաքին աշխարհի հետ կապն ապահովելու եւ այլ ոլորտներում: