ՀԴԲ-ի աշխատակիցները գրոհով վերցրել են Ալաբամա նահանգի Միդլենդում գտնվող բունկերը, որտեղ արդեն մեկ շաբաթ էր բեռնատարի թոշակառու վարորդը պատանդ էր պահում Իթան անունով հնգամյա տղային: Տղան ազատված է, հանցագործը` սպանված:
«Հանցագործի հետ 24 ժամ տեւած բանակցությունները ապարդյուն են անցել: Միսթըր Դայքսը միշտ զինված էր: ՀԴԲ-ի աշխատակիցները մտել են ներս եւ ազատել երեխային», - հայտնել է ՀԴԲ-ի ներկայացուցիչ Սթիվ Ռիչարդսոնը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Գրոհից մի քանի ժամ առաջ ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենք «պատրաստ են սպասել, որքան անհրաժեշտ է՝ պայմանով, որ Դայքսը չի վնասի երեխային»: Լրատվամիջոցները նշել էին, որ բունկերումեղած մթերքը կբավարարեր մինչեւ ապրիլ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ՀԴԲ-ի ներկայացուցիչների` գործողության ընթացքում տղան չի տուժել: Այժմ նա հետազոտվում է տեղի հիվանդանոցում: Երեխան տառապում է Ասպերգերի համախտանիշով (աուտիզմի տեսակ), ինչպես նաեւ՝ ուշադրության պակասի եւ հիպերաշխուժության:
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, Լի Դայքսը հունվարի 29-ին հարձակվել էր դպրոցական ավտոբուսի վրա, մի քանի անգա կրակել եւ վիրավորել վարորդին, որն ավելի ուշ վախճանվել էր: Դրանից հետո չարագործն առեւանգել էր տղային եւ փակել ինքնաշեն բունկերում: Դայքսը թույլ էր տվել փոխանցել երեխայի դեղորայքը:
Ճանաչողները հայտնել էին, որ Դայքսը ագրեսիվ մարդ էր:
Հայտնի է նաեւ, որ Դայքսը պարտավորվել էր հարեւաններին սպառնալու համար ներկայանալ դատարան:





























