Հավանայում բուժվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել իր իսկ գլխավորած պետական հեղաշրջման փորձի 21-ամյա տարեդարձի առթիվ: Ուղերձը ժողովրդին է փոխանցել երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն՝ տարեդարձին նվիրված Ազգային արժանապատվության օրվա միջոցառումների ժամանակ:
«Հոգով եւ սրտով Ազգային արժանապատվության այս օրը ես ձեզ հետ եմ: Ժողովրդի սերն ինձ բուժում է եւ ապրելու ուժ տալիս», - ասված է Չավեսի ուղերձում:
«Շատ եմ ցավում, որ 1992թ. ապստամբությունից հետո առաջին անգամ ֆիզիկապես բացակայում եմ հայրենիքից, սակայն դա է պահանջում լիակատար ապաքինման համար իմ մղած պայքարն այստեղ` հեղափոխական եւ եղբայրական Կուբայում»,- հավելել է նախագահը: Ըստ նրա` փետրվարի 4-ին Վենեսուելայի ժողովուրդը «տեսավ հույսի արեւածագը»:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ 1992թ. փետրվարի 4-ին Չավեսի հրամատարությամբ զորքերի մի մասը դուրս էր եկել Կարակասի փողոցներ` նախագահ Կառլոս Անդրեաս Պերեսին տապալելու նպատակով: Սակայն կառավարությունը կարողացել էր խափանել ընդվզման փորձը, Չավեսը բանտում էր հայտնվել, որտեղից համաներմամբ դուրս էր եկել 1994թ.-ին:
Տոնական միջոցառումների ընթացքում Մադուրոն ներկայացրել է հենց այդ տոնի առթիվ ստեղծված գլխարկի նմուշօրինակը: «Մենք ստեղծել ենք հեղափոխության գլխարկ հեղափոխականների համար, ոչ օլիգարխները, ոչ բուրժուաները չեն կարող այն մեզանից խլել», - ասել է Մադուրոն:





























