Անհայտ տղամարդը հարձակվել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեային աջակցող հանրահավաքի մասնակիցների վրա: Հարձակման արդյունքում զոհվել է երկու մարդ: Այս մասին իր միկրոբլոգում գրել է Էկվադորի նախագահը:
«Ողբերգություն Կինինդեում. Խելագարը դանակով հարձակվել է «Ալյանս պաիս»-ի (իշխող կուսակցությունն է) 7 անդամների վրա, երբ նրանք սպասում էին նախագահին: Կա երկու զոհ»,-գրել է Կորեան Twitter-ում, հաղորդում է «ԲալտԻնֆոն»:
Երկրի ՆԳ նախարար Խոսե Սերանոն իր միկրոբլոգում հայտնել է, որ հարձակվողը ձերբակալված է:
Ողբերգությունը տեղի է ունեցել նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Կորեան, իր քարոզարշավի շրջանակներում, պետք է ժամաներ Կինինդե: Տեղի ունեցածից հետո նախագահը չեղյալ է հայտարարել հանրահավաքը:
Նախագահական ընտրություններն Էկվադորում կկայանան փետրվարի 17-ին:





























