ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մտադիր է դատարան հայց ներկայացնել՝ Standard & Poor`s (S&P) վարկանիշային գործակալությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով, քանի որ այն 2007թ. թողարկված հիփոթեքային պարտատոմսերի հետ կապված ֆինանսական գործիքների վերաբերյալ ոչ հավաստի գնահատական է հրապարակել:
Խոսքը գրավով երաշխավորված պարտքային պարտավորությունների մասին է (CDO), որոնք թողարկվել էին ճգնաժամի նախաշեմին, հայտնում է Reuters-ը:
S&P-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանվել դատարանում, իսկ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացրած փաստաթղթերը «ոչ մի փաստացի կամ իրավաբանական հիմնավորում չեն ունենա», գրում է rbc-ն:
Ամերիկյան կարգավորողները վաղուց են մեղադրանքներ ներկայացնում գլոբալ վարկանիշային գործակալություններին (S&P, Moody`s Investors Service եւ Fitch Ratings)՝ համարելով, որ նրանք են հրահրել 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը՝ չարդարացված կերպով բարձրացնելով ճգնաժամից առաջ լայն տարածում ստացած CDO թղթերի վարկանիշը:





























