XX դարի ամենաառեղծվածային սպանություններից մեկը 66 տարի անց կարող է բացահայտվել վարժեցրած շան օգնությամբ:
22-ամյա Էլիզաբեթ Շորթը սպանվել էր 1947թ. հունվարին: Աղջկա մնացորդները գտել էին հունվարի 15-ին՝ Լոս Անջելեսի սահմանից ոչ հեռու, Սաուզ Նորթոն Ավենյուում: Աղջկա մարմինը կիսված էր, սեռական օրգանները չկային, դեմքն այլանդակված էր:
Գազանաբարո սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, լրագրողները զոհին անվանել էին Սեւ Գեորգենի՝ մուգ հագուստի նկատմամբ նրա տածած սիրո համար, մեկ այլ վարկածով՝ «Երկնագույն Գեորգենի» ֆիլմի համաբանությամբ, գրում է LifeNews-ը:
Տարբեր ժամանակներում սպանությունը խոստովանել էր առնվազն 60 մարդ:
Մինչդեռ, համաձայն քննության հիմնական վարկածի, որն այսօր ցանկանում են հերքել կամ հաստատել քննիչները, աղջկան սպանել է հայրը, ընդ որում՝ նա կարող էր մեղավոր լինել նաեւ շատ ուրիշների սպանության մեջ: Քննիչների եւ ազգականների կարծիքով՝ Ջորջ Հոդելն իսկական սերիական մարդասպան էր: Նրան սկսել էին կասկածել, երբ երկրից փախել էր Ասիա՝ լքելով ընտանիքը: Նա մահացել է 1991թ.:
Այս հիպոթեզի հաստատման նպատակով քննիչները վարժեցրած շան մասնակցությամբ խուզարկել են Հոդելների տունը, որը գրեթե նույնն է մնացել, նաեւ նկուղի գրունտից նմուշներ են վերցրել, որոնցում մնացորդներ կպարունակվեն, եթե Էլիզաբեթի մարմինն այնտեղ եղած լինի:
Այս պահին Էլիզաբեթի ընտանիքի անդամները եւ իրավապահները սպասում են փորձաքննության արդյունքներին՝ վարկածի ճշմարտացիությունը պարզելու համար:





























