Ստամբուլի Սարայբուրնուի  պատմական պարիսպների տակից հայտնաբերված ամերիկացի կին լուսանկարիչ Սառա Սիեռայի դին դատաբժշկական փորձաքննությունից հետո տեղափոխվել է Ստամբուլի հայկական Երեք Խորան եկեղեցի։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, դատաբժշկական նախնական փորձաքննությամբ հայտնի է դարձել, որ Սառա Սիեռան մահից առաջ հարվածներ է ստացել գլխին եւ կրծքավանդակին։  Փորձաքննությամբ չի հաստատվել, որ նրան սպանելուց առաջ բռնաբարել են, ինչը տարածվել էր մամուլում։

Դատաբժշկական փորձաքննությունից հետո Սառա Սիեռայի դին տեղափոխվել է Ստամբուլի հայկական Երեք Խորան եկեղեցի, որտեղից էլ դին կտեղափոխվի ԱՄՆ։

Նշենք, որ 2 երեխաների մայր, 33-ամյա Սառան հունվարի 7-ին, միայնակ Ստամբուլ էր մեկնել:  Նրա անհետանալու փաստը հայտնի է դարձել, երբ նրա ամուսինը հունվարի 21-ին սպասել է նրա վերադարձին:

Վերջին անգամ Սառան հեռախոսով քրոջը տեղեկացրել է, որ գնում է Գալաթասարայի աշտարակը տեսնելու։

Ոստիկանությունը Սառայի սպանության հետ կապված ձերբակալել է 15 հոգու։