Ճապոնական հեռուստատեսության եթերում ցուցադրել են 2011 թվականի մարտի 11-ի երկրաշարժի նախկինում անհայտ սիրողական տեսանյութը: Կադրերում երեւում է, թե ինչպես են շարքային ճապոնացիները հանկարծակիի գալիս 9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներից, ինչպես են երեխաները լալիս ու աղոթում բնական աղետի հարվածից հետո, ինչպես է ցնցվել խաղադաշտը, իսկ ասֆալտի վրա լայն ճեղքեր են հայտնվել:
Տեսանյութն առաջարկում է դեպքը տեսնել ներսից, որտեղ շատ ճապոնացիներ կայծակնային արձագանքի եւ իմացության շնորհիվ փրկում են իրենց կյանքը, նշել է The Herald Sun-ը:
Օրինակ, մի հատվածում, տղամարդը հազիվ է հասցնում ոտքերը քաշել փլվող շինության պատերի տակից: Շատ կադրերում ծնողները փորձում են փրկել իրենց երեխաներին, իսկ ցնցումն ուղեկցվում է պահարանների շուռ գալով եւ ապակիների շրխկոցով:
Եւս մեկ կադրում նկարահանվել է առեւտրի կենտրոնը, որտեղ, ցնցումից որոշ ժամանակ անց, անջատվել է էլեկտրականությունը: Կիսախավարի մեջ մարդկ բղավում են յուրաքանչյուր զգալի ստորգետնյա ցնցումի հետ, գրում է NEWSru.com-ը:
2011 թվականի մարտի 11-ի երկրաշարժը պաշտոնական անվանում է ստացել` Արեւելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների են հանգեցրել ցունամիները, որոնց ալիքների բարձրությունը հասել է 30-40 մետրի: Ողբերգության զոհ են դարձել մոտ 16 հազար մարդ, աղետից մեկ տարի անց 3167 դասվել են անհայտ կորածների թվին, ավելի քան 350 հազար մարդ անտուն է մնացել:
Երկրաշարժը հանգեցրել է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարին: Իշխանությունների գնահատականով` ռադիոակտիվ արտահոսքն ամբողջությամբ կվերանա 30-40 տարվա ընթացքում:




























