Թուրքիայի իշխանությունները փորձելու են վավերացնել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները մինչեւ ապրիլ՝ որպես պատրվակ օգտագործելով Միացյալ Նահանգների կողմից ճնշումը: Ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Ջանան Առըթմանը:

Առըթմանի կարծիքով, ԱՄՆ Կոնգրեսի մասին Դավութօղլուի ասած խոսքերը միայն պատրվակ են, եւ իշխանությունը կօգտագործի դա:

Նա կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ պաշտոնական Անկարայի անհանգստությունն անհիմն է:

«Թուրքիան երբեք չի կատարել նման բան, չկա որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որն ապացուցի ցեղասպանության փաստը, եւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ պաշտոնական Անկարայի անհանգստությունն անհիմն է»,- նկատել է Առըթմանը:

Նրա խոսքով, ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան առ այսօր չի բացահայտել արձանագրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը. «Չնայած Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից արձանագրություններում մտցված փոփոխություններին, Անկարան դեռ ապրում է արձանագրությունների վավերացման հույսերով»,- ասել է պատգամավորը: