Շոտլանդիան անկախություն կհռչակի 2016 թվականի մարտին, եթե բնակչության մեծամասնությունը հանդես գա Մեծ Բրիտանիայից առանձնանալու օգտին: Շոտլանդիայի կառավարության պատրաստած փաստաթղթում նաեւ նշվում է, որ Շոտլանդիայի անկախ խորհրդարանի առաջին ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի մայիսին: Փաստաթղթում խոսվում է նաեւ սեփական Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, որը «կարտահայտի Շոտլանդիայի ժողովրդի արժեքները»:

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը հայտարարել է, որ չի կասկածում հանրաքվեի արդյունքների հարցում եւ կոչ է արել բրիտանացի նախարարներին միանալ բանակցություններին, որոնք վերաբերում են հանրաքվեից հետո կատարվող քայլերին:

Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում քննարկել Շոտլանդիայի անկախության հարցը մինչեւ հանրաքվեն, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ հանրաքվեն նշանակված է 2014 թվականի աշնանը, սակայն հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ: Փետրվարի 4-ին անցկացված հարցման արդյունքների համաձայն, Շոտլանդիայի բնակչության միայն 32 տոկոսն է պատրաստ դրական պատասխանել անկախությանը, գրում է The Scotsman-ը:

47 տոկոսը դեմ է Շոտլանդիայի անկախությանը, եւս 20 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել: