Բուլղարիայի իշխանությունները Բուգասի օդանավակայանում 2012-ի հուլիսին կատարված ահաբեկչության մեջ կասկածում են լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման երկու անդամների: Այս մասին հայտնել է Բուլղարիայի ՆԳ նախարար Ցվետան Ցվետանովը:
Կասկածյալները Կանադայի եւ Ավստրալիայի քաղաքացու անձնագրեր են ունեցել, սակայն հիմա ապրում են Լիբանանում: ՆԳՆ տվյալներով` ահաբեկչին օգնել են առնվազն երեք հանցակիցներ, որոնք Բուլղարիայում օգտվել են կեղծ վարորդական իրավունքներից: Ավելի վաղ «Հըզբոլլահը» հերքել է ահաբեկչությանն իր մասնակցության վերաբերյալ մեղադրանքները:
Ավտոբուսի պայթեցման պատասխանատվությունն իր վրա է վերցրել անհայտ «Քեդաթ ալ-Ջիհադ» խմբավորումը, գրում է Polit.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Ցվետան Ցվետանովը վստահություն է հայտնել, որ Լիբանանը կօգնի Բուլղարիային գործի հետաքննության հարցում:
Հիշեցնենք, որ իսրայելցիներիով լի ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել էր 7, վիրավորվել` 5 զբոսաշրջիկ, այդ թվում բուլղարացի վարորդն ու ահաբեկիչը:
«Հըզբոլլահը» ռազմականացված շիա խմբավորում է, որի նպատակը Լիբանանում իսլամական երկիր կառուցելն է` Իրանի նմանությամբ: «Հըզբոլլահը» ահաբեկչական կազմակերչություն են համարում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Կանադան, Իսրայելը, Ավստրալիան եւ Եգիպտոսը:





























