ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իեն Քելլիի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը: Մասնավորապես, բանակցությունների ընթացքում քննարկվել է նախորդ շաբաթ Փարիզում համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկման թեման եղել է խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղմանն ուղղված առաջարկները, որոնք կողմերին են ներկայացվել նախորդ տարվա վերջին, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումների վերաբերյալ:

Լեոնիդ Կոժարը ամբողջությամբ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը եւ հակամարտության կողմերին՝ խաղաղ կարգավորման հասնելու հարցում օգնությանը:

«Կողմերի հետ աշխատանքը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է եւ ես կողմերին կոչ եմ անում վճռականություն եւ քաղաքական կամք դրսեւորել, որն անհրաժեշտ է, որպեսզի վերջապես խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը: