Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը փետրվարի 5-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Անգլիայում եւ Ուելսում նույնասեռական ամուսնությունների օրինականացման մասին կառավարության օրինագծին: «Կողմ» են քվեարկել 400 պատգամավոր, «դեմ»` 175-ը:

Այժմ Մեծ Բրիտանիայում նույնասեռական զույգերի համար օրինական է համարվում քաղաքացիական  միությունը (civil partnerships), որը իրավաբանորեն գրեթե համազոր է ամուսնությանը: Նոր օրենքի կողմնակիցները պնդում են, որ տարբերություններն ամբողջովին պետք է վերացվեն:

Ամուսնության մասին օրենքի ընդունումը նույնասեռական զույգերին թույլ կտա ամուսնանալ ինչպես քաղաքացիական, այնպես էլ եկեղեցական ծիսակարգով: Ընդ որում, եկեղեցական արարողությունը չի կարող կատարվել Անգլիայի եկեղեցիներում: Մի քանի շաբաթ առաջ խորհրդարանը կողմ էր քվեարկել Անգլիայում եւ Ուելսում հոգեւորականներին նման ծիսակարգեր անցկացնելը արգելելուն, մյուս եկեղեցիների ներկայացուցիչները կարող են գործել իրենց հայեցողությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույնասեռական ամուսնությունների օրինականացման մասին օրենքի ընդունմանն աջակցել է վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Կանցլեր Ջորջ Օսբորնը, Արտաքին քաղաքական գերատեսչության եւ ՆԳՆ-ի ղեկավարներ Ուիլյամ Հեյգը եւ Թերեզա Մեյը քվեարկության նախօրեին բաց նամակ էին գրել Daily Telegraph թերթին, որում վստահություն էին հայտնել, որ բրիտանական հանրությունը կաջակցի այդ օրենքի ընդունմանը, քանի որ  նույնասեռական ամուսնությունների նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվել է: