Սողոմոնյան կղզիների տարածքում, Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում առաջացած ցունամիի հետեւանքով ավերվել են մի քանի բնակավայրեր: Տուժած տարածաշրջանում ալիքի բարձրությունը հասել է 0,9 մետրի:
Մասնավորապես, AFP-ը` վկայակոչելով Տեմոտա նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Լատա քաղաքի հոսպիտալի ներկայացուցիչներին, հաղորդել է, որ Նենդո կղզում ավերվել են մի քանի բնակավայրեր, որոնցում, ըստ բժշկի գնահատականի, կարող էին բնակվել մոտ 700 մարդ: Հինգ մարդ, այդ թվում 10-12 տարեկան մի տղա, զոհվել են: Գործակալությունը հայտնել է նաեւ երեք վիրավորների մասին:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` Ռուսաստանի հեռավորարեւելյան սահմաններին վտանգ չի սպառնում: Ցունամիի զարգանալու դեպքում, երկրաշարժից 9-10 ժամ հետո նրա հետքերը կարող են հասնել մինչեւ Կուրիլյան կղզիներ:
Խաղաղ օվկիանոսում` Նենդո կղզու մոտակայքում, 8,0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է փետրվարի 6-ին: Երկրաշարժի հունը գտնվում է 33 կիլոմետր խորության վրա: Ավելի ուշ եղել են մի շարք հետշոկային, այդ թվում ստորգետնյա ցնցումներ` 6,4 եւ 6,6 մագնիտուդով:





























