Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձել է Լեհաստանի դեսպանի երեւանյան թերթերից մեկին տված հարցազրույցին, որտեղ նա դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ եւ ապահով Հայաստան, քանդվող միֆ է անվանել, ինչպես նաեւ խոսել Հայաստանում անպատժելիության մթնոլորտի մասին:
«Ցանկացած դիվանագետ՝ առավել եւս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստող պատասխանատուի առաքելության վրա»,-նշել է Շավարշ Քոչարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի մահափորձին, ասել էր. «Բոլորը միաձայն`եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, ասում են, որ դա մահափորձ է պետականության դեմ: Ինչ-որ չափով այո: Ես համաձայն եմ նաեւ, որ դա «խփում է» իշխանությունների վարկանիշին: Որովհետեւ դա առաջին հերթին քանդում է ընտրությունների այն ուրախ պատկերը, որի մասին մենք խոսեցինք, անվտանգ եւ ապահով Հայաստանի միֆը, եւ դա արդեն ազդում է ընտրությունների գնահատականի վրա: Բայց միգուցե Հայաստանի շատ քաղաքական գործիչներ կնեղանան, ես ունեմ իրավիճակի իմ տեսլականը: Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքական մոտիվացիայով, բայց արդյունքը լինելու է քաղաքական: Սա մեկ: Երկրորդը ինձ թվում է որ, թեեւ նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետեւ Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը»:





























