Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինչպես նաեւ ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները: Տրայան Հրիստեան ընդգծել է այդ ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքն ու մեծ առաջընթացը եւ նշել, որ ներկայում Բրյուսելում ընթանում է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների 4-րդ փուլը:

Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կունենա ասոցացված երկրի կարգավիճակ, ինչը, դեսպան Հրիստեայի համոզմամբ՝ նոր հնարավորոթյուններ կբացի մեր երկրի առջեւ, որին կհետեւի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի հաստատումը:

Կողմերը քննարկել են նաեւ արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սննդի անվտանգության, մաքսային բնագավառներում եւ այլ ուղղություններով իրականացվող համատեղ միջոցառումներն ու բարեփոխումները:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, որը մեզ համար խիստ անհրաժեշտ է: Եթե այս կամ այն ոլորտում տեսնում եք, որ մեր բարեփոխումները դանդաղում են եւ կան խոչընդոտներ, ապա անհապաղ դիմեք անձամբ ինձ, որպեսզի մենք հնարավորությունները բաց չթողնենք օգտվելու ձեր խորհրդատվությունից՝ ճիշտ ժամանակին մեր բարեփոխումներն իրականացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:   

Տրայան Հրիստեան եւս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն հետագայում եւս պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել մեր երկրին՝ տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացում: