Այսօր` փետրվարի 6-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, գյուղատնտեսության նախարարության մոտ, ագրարային սեկտորի աշխատավորներն ու բանջարեղենի շուկայի վաճառողները բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք բազմազավակ ընտանիքներին, անօթեւաններին եւ թոշակառուներին բաժանել են 50 տոննա բանջարեղեն եւ միրգ:

Նախարարության մուտքի մոտ ֆերմերները տեղադրել են կարտոֆիլով, կաղամբով, գազարով, սոխով, նարնջով, լիմոնով, խնձորով եւ կանաչեղենով ծանրաբեռնված արկղեր, իսկ նրանց դիմաց մի քանի տասնյակ մետր երկարությամբ հերթ է առաջացել: Մթերքի հետ մեկտեղ անցորդներին թռուցիկներ են տվել, որտեղ ներկայացված են գյուղատնտեսության աշխատողների պահանջները, հաղորդում է  «Ռոսբալթը»` վկայակոչելով հունական լրատվամիջոցները:

Ֆերմերները պահանջում են գյուղատնտեսական տեխնիկայի համար 50%-ով զեղչել վառելիքի գինը, կրճատել Գյուղատնտեսական ապահովագրման կազմակերպությունում արվող ներդրումները, չեղյալ հայտարարել մշակվող արտադրանքի մասին պարտադիր հռչակագիրը, 23%-ից մինչեւ  6% կրճատել գյուղատնտեսկան տեխնիկայի եւ սարքավորումների ԱԱՀ-ն եւ գնորդների շահերից ելնելով` կրճատել նաեւ գյուղատնտեսական արտադրանքի ԱԱՀ-ն: