Հայաստանում օրենքում փոփոխություններ կատարելու եւ ստվերային տնտեսությունն արմատախիլ անելու միջոցով առաջիկա հինգ տարում 480 հազ. մարդ աղքատության շեմից կվերադառնա միջին խավ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին, իր նախընտրական ծրագիրը ներկայացնելով ասել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ դրան կարելի է հասնել աշխատավարձերը բարձրացնելու, եկամուտն արդար բաշխելու եւ նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Մինչեւ 2014թ. նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակը կկազմի 80 հազար դրամ՝ ամեն տարի ավելանալով 10 հազար դրամով՝ գնաճին զուգահեռ: Հովհաննիսյանը նշել է, որ նախատեսվում է նաեւ պետական եւ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բարձրացում. բազային աշխատավարձը կկազմի 110 հազար դրամ, իսկ միջին աշխատավարձը՝ 210 հազար դրամ:
Ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ի խնայբանկերում ներդրված ավանդներին, ապա, ըստ Հովհաննիսյանի, այդ ավանդները պետք է վճարվեն փոխհատուցման արդար համակարգի միջոցով: «Էական փոփոխություններ են անհրաժեշտ Աշխատանքային օրենսգրքում, որպեսզի հավասարապես պաշտպանվեն ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողների իրավունքները»,- նշել է նա:
Խոսելով 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած գոտու զարգացման մասին՝ նա նշել է, որ այդ շրջանի վերականգնման համար 2014թ. պետբյուջեից կհատկացվի 100 միլիոն դոլար: Հայաստանում մշտական բնակության համար հարեւան եւ այլ երկրներից փախստականներին կտրամադրվեն հիփոթեքային վարկեր ՝ էժան կացարան ձեռք բերելու նպատակով: Այդ գործընթացում կկիրառվի փախստականների «աշխատանքի մասնակի փոխհատուցման» սկզբունքը: Ըստ Հովհաննիսյանի՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու նպատակով անհատույց վարձակալման սկզբունքով բյուջեից ամեն տարի կհատկացվի 500 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց խնդիրներին, ապա պետությունն ամեն ջանք կգործադրի նրանց սոցիալական պայմանների բարելավման եւ հասարակությանը նրանց ներգրավվածության ուղղությամբ:





























