Այսօր` փետրվարիի 6-ին, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լատվիայի սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար Նորմունդս Գարբարսին:

Նորմունդս Գարբարսը նախ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա նշել, որ Լատվիայի սահմանապահներն այսօր ակտիվ ծառայություն են իրականացնում Եվրոպայում` սահմանների պաշտպանության եւ պահպանման գործում: Լատվիայի սահմանապահներն ինտեգրված են միասնական կրթական համակարգին` ստանում են որակյալ  կրթություն եւ անցնում վերապատրաստման դասընթացներ:

Նորմունդս Գարբարսը նաեւ նշել է, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ հայ եւ լատվիացի սահմանապահների միջեւ համագործակցություն ծավալելու համար:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ այսօր Հայաստանը Եվրամիության հետ բազմաթիվ ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ եւ Լատվիայի փորձը, որպես Եվրամիության անդամ երկիր, մեծ է ու հետաքրքիր եւ այն կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Քանի որ Հայաստանը եւ Լատվիան ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր, Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու թե FRONTEX-ի միջոցով եւ թե երկկողմ իրականացվող համատեղ ծրագրերին եւ միջոցառումներին, որոնք ամուր հիմք կհանդիսանան սահմանների համալիր կառավարման եւ սահմանային անվտանգության հետ կապված խնդիրները էլ ավելի արդյունավետ լուծելու համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Լատվիայի սահմանապահների միջեւ  ուրվագծվող  համագործակցությունը առաջիկայում կտեղափոխվի գործնական հարթություն: