«31 տարի առաջ այս օրերին Իրանում տեղի ունեցած հեղափոխության պատճառն առավելապես ազգային ինքնությունն ու մշակութային արժեքները պահպանելն էր, ինչպես նաեւ ընդվզումը արեւմտյան հախուռն արժեքների ներթափանցման դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։

Հիշեցնելով, որ իսլամական հեղափոխության արդյունքում Իրանում թեոկրատիկ վարչակարգ հաստատվեց, ինչն էլ նպաստեց իրական արժեքների առաջ մղմանը եւ արեւմտյան արժեքների մերժմանը, իրանագետը ընդգծեց, որ հենց հեղափոխությունից հետո այդ երկիրը դարձավ համատարած գրագիտության եւ բարձր զարգացած արդյունաբերության երկիր։ «Եթե իրանական հեղափոխությունից առաջ երկրի ազգաբնակչության մեծ մասն անգրագետ էր, իսկ Իրանն էլ Արեւմուտքի կցորդ, ապա հեղափոխությունից հետո հասարակությունն այնտեղ դարձավ համատարած գրագետ, իսկ տնտեսությունն էլ սկսեց վերելք ապրել»,- նշեց Գառնիկ Ասատրյանը՝ հիշեցնելով, որ Իրանում բնակչության մեծ տոկոսն այժմ երիտասարդներն են կազմում, եւ որ նրանք միտված են Իրանը դարձնել տնտեսապես հզոր երկիր։