Ուկրաինայի խորհրդարանում երեք առաջատար ընդդիմադիր խմբակցությունները` «Բատկիվշչինա», «Ազատություն» եւ «Ուդառ», պատրաստակամություն են հայտնել երկրի խորհրդարանում դիմակայել հնարավոր ուժային սցենարին: Այս մասին են վկայում այդ խմբակցությունների առաջնորդների հայտարարությունները:
Ինչպես հաղորդում է «Կորեսպոնդենտը», «Ուդառ» խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն նշել է, որ «իշխող «Ռեգիոնների կուսակցությունը» կարող է քննարկել տարբեր սցենարներ, այդ թվում ուժային, բայց մենք պատրաստ ենք դրան»: Նա ընդգծել է, որ «Բատկիվշչինան», «Ազատությունը» եւս պաշտպանում են այդ որոշումը: Բոլոր երեք խմբակցությունները պատրաստվում են համատեղ հերթապահություն սահմանել Գերագույն ռադայի նիստերի դահլիճում:
«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկն իր հերթին հայտարարել է, որ իր խմբակցության անդամները դահլիճում կմնան մինչեւ ժամը 14:00-ն, ավելի ճիշտ մինչեւ խորհրդարանի աշխատանքների ավարտը: «Մենք դեռ երեկ «ռեգիոնականներին» հայտարարեցինք, որ եթե ուզում եք գրավել նախագահությունը, գրավեք: Մենք հետ կվերցնենք այն»,-ասել է նա, հավելելով. «Մենք պատրաստ ենք նրան, որ եթե «Ռեգիոնների կուսակցությունը» հարցը լուծելու ուժային սցենար կիրառի, ապա մենք էլ ուժային մեթոդների կդիմենք: Չեմ կարծում, որ դա խելամիտ է»:





























