2012 թվականին հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը («Ղ-Տելեկոմ») պետական բյուջե է փոխանցել 21,672,938,130 ՀՀ դրամ (21,7 մլրդ ՀՀ դրամ)` 2012թ.-ի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով երրորդ տողը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, 2011թ.-ին խոշոր հարկատուների ցանկում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույնպես զբաղեցրել է երրորդ տեղը (2011-ին հարկային վճարները կազմել են 17,751,611,850 ՀՀ դրամ/17,7 մլրդ ՀՀ դրամ), սակայն 2012թ.-ին ընկերությունը նախորդ տարվա իր ցուցանիշը գերազանցել է 22 տոկոսով:
2011թ.-ի համեմատ` 2012թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հարկային վճարների ավելացումը հիմնականում պայմանավորված է ընկերության կողմից փոխանցված ուղղակի հարկերի (շահութահարկ և եկամտահարկ) ծավալների աճով:
Ընդհանուր առմամբ, 2005թ.-ից ի վեր, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մուտք գործեց հայաստանյան շուկա, ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 126,944,110,870 ՀՀ դրամ (126,9 մլրդ ՀՀ դրամ):
Ընկերությունը որդեգրել է թափանցիկ գործելակերպ, սոցիալական պատասխանատվություն և հարգանք օրենքի հանդեպ, ինչը նաև դրսևորվում է հարկային պարտավորությունների անթերի կատարմամբ:





























