Ռուսաստանում Քրիստոս փրկչի տաճարում «փանք-աղոթքի» համար դատապարտված Pussy Riot խմբի աղջիկները բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բողոքը կազմում է 50 էջ, եւս 300 էջ լրացուցիչ նյութերն են:
Փաստաբաններ Յոնկո Գրոզեւն ու Իրինա Խրունովան ՄԻԵԴ-ին ուղղված բողոքում նշում են, որ աղջիկների դեմ վճիռ կայացնող դատարանը խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի միանգամից մի քանի հոդվածներ: Մասնավորապես խախտվել է հիշյալ կոնվենցիայի 3-րդ («խոշտանգումների արգելում»), 5-րդ («ազատության եւ անձեռնմխելիության իրավունք»), 6-րդ («արդար դատավարության իրավունք») եւ 10-րդ («խոսքի ազատության իրավունք») հոդվածները:
Բողոքում նշվել է, որ փանք խումբը որոշել է ակցիա անել Քրիստոս փրկչի տաճարում այն բանից հետո, երբ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը հանդես է եկել երկրի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի թեկնածությունը պաշտպանելու նախաձեռնությամբ: «Նրանց ակցիան պետք է ընդունել որպես արձագանք այն բանի, որ Ռուս ուղղափառ եկեղեցին բացահայտորեն աջակցել է նախագահի թեկնածուներից մեկին»,-հայտարարել են փաստաբանները, հասկացնելով, որ խոսքը հենց քաղաքական ակցիայի մասին է, իսկ խմբի անդամները հավատացյալների զգացմունքները վիրավորելու նպատակ չեն ունեցել:
Դեռեւս չի հստակեցվում փոխհատուցման չափը, որը կպահանջեն Pussy Riot փանք խմբի անդամները Ռուսաստանի իշխանություններից: «Առավել կարեւոր է, որ դատարանն ապացուցի մեր անմեղությունը, իսկ ՌԴ իշխանություններին մեղավոր ճանաչի մարդու իրավունքները ոտնահարելու մեջ»,-հայտարարել է խմբի անդամներից Եկատերինա Սամուցեւիչը, հաղորդում է «Կոմերսանտը»:
Նշենք, որ Եկատերինա Սամուցեւիչը, Մարիա Ալյոխինան եւ Նադեժդա Տոլոկոննիկովան 2012-ի օգոստոսի 17-ին դատապարտվել են երկու տարվա ազատազրկման: Ավելի ուշ Սամուցեւիչի պատիժը փոխարինվել է պայմանականով եւ նա ազատ է արձակվել:




























