Ղազախստանի խորհրդարանի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը հանդիպել է Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանի հետ, հաղորդել է Tengrinews.kz-ը:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հարցերի լայն շրջանակներում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցության հետեւողականությունն ու առաջընթացը: Զրուցակիցները համամիտ են եղել, որ բոլոր բնագավառներում, այդ թվում ԱՊՀ, ՀԱՊԿ, ՄԱԿ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում համագործակցությունը երկու կողմերի համար էլ մեծ նշանակություն ունի:
Նիգմատուլինը նշել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ ներկայումս իրագործվող միջազգային նախագծերի մասին: Այդպիսի նախագծերից մեկը կարող է լինել Համաշխարհային հակաճգնաժամային համաժողովը, որը Ղազախստանի նախագահի առաջարկով կանցկացվի Աստանայի տնտեսական VI ֆորումի շրջանակում:
Զրույցի ժամանակ առանձնահատուկ տեղ է տրվել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությանը, որը, զրուցակիցների կարծիքով, հանդիսանում է երկրների փոխգործակցության կարեւոր մաս: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ղազախստանի բարձրագույն օրենսդիր մարմինների միջեւ կապերի ընդլայման ուղիները` միաժամանակ համատեղ աշխատանքի համար կարեւոր գործոն նշելով տարբեր ուղղություններով փորձի փոխանակումը: Խոսքն, առաջին հերթին, խմբակցությունների եւ կոմիտեների միջեւ կապեր հաստատելու մասին է: Մեջլիսում աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության հարցերով խումբ, որի կազմի մեջ մտնում են 24 պատգամավորներ: Խորհրդարանական սերտ հարաբերություններ են հաստատվել նաեւ ԱՊՀ եւ ՀԱՊԿ Միջխորհրդարանական Վեհաժողովների շրջանակներում:Նուրլան Նիգմատուլինը եւ Վասիլի Ղազարյանն իրենց վստահությունն են հայտնել հայ-ղազախական հարաբերությոեւնների, այդ թվում եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ:





























