Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյին Չելիքը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին՝ Թուրքիայի դատական համակարգի քննադատության համար։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի խոսքերին խիստ արձագանքած Հուսեյին Չելիքը նշել է, թե չնայած պարոն Ռիկարդոնեն թուրքերեն խոսում է, սակայն դեռեւս սկսնակ դեսպանի վիճակից դուրս չի եկել։ «Նա Թուրքիա գալուն պես սկսեց խառնվել ներքին հարցերին։ Այդ իրավունքն իրեն ո՞վ է տվել։ ԱՄՆ դատարանները մեր դատարանների վերաքննիչ դատարանները չեն եւ ոչ էլ առավելություն ունեն մեր դատարանների նկատմամբ։
Ռիկարդոնեին հիշեցնեմ, որ լավ կլինի նա աշխարհին պարզաբանում տա Գուանտանամոյի մասին։ Մենք պարոն Ռիկարդոնեին կոչ են քանում մնալ իր սահմանների մեջ։ Մեկ անգամ եւս ասում եմ՝ պարոն դեսպանը պետք է իր չափերն իմանա»,-ասել է Հուսեյին Չելիքը։
Նշենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն թուրք լրագրողների հանդիպման ժամանակ քննադատել էր Թուրքիայի դատական համակարգը՝ նշելով, որ երկար ժամկանակով կալանքի տակ գտնվող մի շարք պատգամավորներ նույնիսկ չգիտեն, թե իրենց հանդեպ ինչ մեղադրանք կա։





























