Քալիֆորնիայի Բերբանկ քաղաքում 44-ամյա հայը փետրվարի 5-ին հոսպիտալացվել է կրծքի հատվածում ցավեր ունենալու պատճառով: Հոսպիտալացվելուց առաջ նա փախուստի էր դիմել «Vons» սուպերմարկետից, որտեղից նա 864 դոլար արժողությամբ միս եւ լվացող նյութ է գողացել:
Ըստ «Burbank Leader»-ի, Գլենդելի բնակիչ Արթուր Խալաթյանը մտել է «Vons» եւ իր զամբյուղը թանկարժեք մսի 21 փաթեթով ու 11 շիշ լվացող նյութ լցնելով, փորձել է առանց վճարելու փախչել: Սակայն խանութի աշխատողը, որը Խալաթյանին ճանաչել էր, քանի որ նա մի քանի օր առաջ փորձել էր նման փորձ անել, նախազգուշացրել էր գործընկերներին:
Երբ Խալաթյանն անցել է գանձապահների մոտով եւ խանութից դուրս է եկել առանց վճարելու` խանութի աշխատակիցները փորձել են բռնել նրան: Այդ ժամանակ նա հարվածել է աշխատակցի դեմքին եւ փախել:
Կանգառում գտնվող մի վարորդ նկատել է վեճը եւ հետեւել է Խալաթյանին` չմոռանալով զանգահարել ոստիկանություն: Բերբանկի ոստիկանները Խալաթյանին ձերբակալել են խանութից կես մղոն հեռավորության վրա եւ վերջինս նրանց բողոքել է կրծքային հատվածում ցավերից եւ շնչառական դժվարությունից: Խալաթյանին տեղափոխել են տեղի հիվանդանոց եւ թողել այնտեղ` բուժզննման համար: Խալաթյանը կալանավորվել է կողոպուտի մեղադրանքով եւ պետք է դատարանի առջեւ կանգնի այս ամիս:





























