Պապուա Նոր Գվինեայի Մաունթ Հագեն քաղաքում 20-ամյա երիտասարդ կնոջը նախ տանջել են արդուկով, ապա կենդանի այրել են կախարդության համար:
Սեւ կախարդանք կիրառելու մեջ նրան մեղադրել է հարեւանուհին, ով մի քանի օր առաջ կորցրել էր երեխային, հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը: Պապուա Նոր Գվինեայում` հատկապես պապուասների ու մելանեզցիների միջեւ, նախկինի պես լայն տարածում ունի կախարդանքի հանդեպ հավատը:
Ըստ Utro.ru-ի` միայն այնտեղ չէ, որ հավատում են կախարդների ու սեւ կախարդանքի գոյությանը: Երկու տարի առաջ Սաուդյան Արաբիայում գլխատել են տեղի բնակչուհիներից մեկին, ով նախօրեին կալանավորվել էր` կախարդության մեղադրանքով:
Արեւելյան երկրներում կախարդների հետապնդումն արդեն վաղուց գրավել է ՄԱԿ-ի ուշադրությունը: Դեռ 2009 թվականին ոչ դատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլսթոնն իր ելույթում կտրուկ բողոք է ներկայացրել կախարդանքի մեջ մեղադրվող կանանց սպանության դեմ:





























