Վրաստանում ծրագրել են մեղմացնել Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելելու համար նախատեսված պատժամիջոցները, որոնք ամրագրված են ավելի վաղ ընդունված «Օկուպացված տարածքների մասին» օրենքում: Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին մտադիր է խորհրդարանում տվյալ օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ ներկայացնել:
Գործող օրենքի համաձայն`առանց Վրաստանի կենտրոնական իշխանությունների թույլատվության, Հարավային Օսիա եւ Աբխազիա այցելելն անօրիանական է համարվում եւ պատժվում է կամ խոշոր դրամական տուգանքով (1200 դոլարից սկսած), կամ մինչեւ չորս տարի ազատազրկմամբ:
Ըստ օրինագծի` օրենքն առաջին անգամ խախտողը կպատժվի վարչական կարգով, իսկ քրեական գործ կհարուցվի միայն խախտումը կրկնելու դեպքում, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»:
«Գործող օրենքի համաձայն` օտարերկրյա քաղաքացիները կալանավորվել են օկուպացված տարածքներով Վրաստան մտնելուց անմիջապես հետո: Դա մենք անարդար ենք համարում, քանի որ Ադրբեջանի, Հայաստանի շատ քաղաքացիներ Վրաստանով հայրենիք վերադառնալու փոխարեն հայտնվել են վրացական բանտերում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զաքարեիշվիլին:





























