Ճապոնիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին` երկու ռուսական կործանիչների իր օդային տարածք ներխուժելու փաստի հետ կապված: Այդ օդանավերը ձերբակալելու համար օդ են բարձրացել ճապոնական օդանավերը, հաղորդել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը:

Ճապոնիայի ՊՆ փոխանցմամբ` ռուսական երկու «Սու-27» օդանավերն, այսօր` փետրվարի 7-ին, ժամը 14:59-ին, խախտել են Ճապոնիայի օդային տարածքը` Հոկայդո կղզու մոտ գտնվող Ռիսիրի կղզու մոտակայքում:

Ըստ տեղեկատվության, ռուսական օդանավերը Ճապոնիայի տարածքում անցկացրել են 1 րոպե 11 վայրկյան: Դրանք ձերբակալելու համար օդ են բարձրացել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կործանիչները:

Միաժամանակ, Ռուսաստանի ՊՆ-ն արդեն հերքել է մեղադրանքները: «Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի թռիչքներն այդ շրջանում պարբերաբար անցկացվում են միջազգային կանոնների խիստ պահպանմամբ, առանց խախտելու այլ պետությունների սահմանները»,-ասել է ՌԴ Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռոման Մարտովը:
Խորհրդանշական է, որ այսօր` փետրվարի 7-ին, Ճապոնիայում նշում են հյուսիսային տարածքների օրը: Տոնի շրջանակներում տեղի ակտիվիստներն ավանդաբար ակցիաներ են կազմակերպում` պահանջելով Ճապոնիային վերադարձնել Կուրիլյան կղզիները, գրում է Nikkei թերթը: