Նախընտրական արշավն ընթանում է բավական լուրջ գաղափարական պայքարի պայմաններում, այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը: 

«Եւ դա լավ է, որ ընտրարշավը չի վերածվել կենաց-մահու պայքարի»,- նշել է նա:

Նախագահի խոսքով, հունվարի 31-ին հնչած կրակոցները (Հայրիկյանի դեմ մահափորձը-խմբ.) կարող էին ամեն ինչ փոխել, եւ փառք Աստծո, դա տեղի չունեցավ եւ ամեն ինչ հունի մեջ ընկավ:

Մեկնաբանելով հասարակության չափազանց պասիվության մասին կարծիքը` Սարգսյանը նկատել է, որ դրանք կամ իրականությունից շատ հեռու հայտարարություններ են, կամ բացասական վերաբերմունքի արտահայտություն: «Դա չի համապատասխանում իրականությանը: Ընտրությունները չպետք է լինեն կենաց-մահու կռիվ, եւ յուրաքանչյուր թեկնածու պետք է հստակ գիտակցի` հաղթանակն իր կյանքի գլխավոր նպատակը չէ, աշխարհի վերջը չէ, դրանով կյանքը չի ավարտվում: Լավ է, որ ընտրարշավն անցնում է առանց ավելորդ լարվածության, յուրաքանչյուր թեկնածու հնարավորություն ունի ներկայացնել իր դիրքորոշումները»,- ասել է նա:

Մեղադրանքներին, թե քարոզարշավը հետաքրքիր չի ընթանում, նախագահը հիշեցրել է, որ սա կինո չէ, ոչ էլ ֆուտբոլային հանդիպում: «Սա իրադարձություն է, վճռորոշ փուլ երկրի համար, ում հետաքրքիր է` մասնակցում է, իսկ եթե ինչ-որ մեկը չի մասնակցում, ո՞վ է մեղավոր: Մենք նրանց բանտում չենք պահում: Եթե վախենում են, ինչպե՞ս են ուզում նախագահ դառնալ»,- նկատել է նա: