Ֆրանսիական ոստիկանությունը ռետինե գնդակով հանել է բելգիացի 24-ամյա մետալուրգի աչքը, ով մասնակցել է փետրվարի 6-ին, Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիային:
Էլզասի մայրաքաղաքում հավաքվել են աշխարհում խոշորագույն մետալորգիական կոնցեռնի` ArcelorMittal-ի ֆրանսիացի, բելգիացի եւ լյուքսեմբուրգցի ավելի քան 1,5 հազար աշխատակիցներ: Նրանք Ստրասբուրգ են ժամանել, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն ԵՄ իշխանություններին` կապված Եվրոպայում արտադրական հզորությունների մի մասը փակելու ArcelorMittal-ի որոշման հետ: Բելգիայում այդ որոշման հետեւանքով ազատվելու սպառնալիքի տակ է հայտնվել 1,3 հազար աշխատակից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ոստիկանները մետալուրգների ցույցը ցրելու համար մահակներ, արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ են օգտագործել: «Ստրասբուրգում մեզ ընդունեցին ինչպես ահաբեկիչների»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է բելգիացի ամետալուրգների արհմիության ղեկավարը:





























