ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է հետեւել Հայաստանում նախագահական ընտրարշավին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին դիտորդական առաքելության շտաբից, երկարաժամկետ դիտորդները մասնակցում են ԿԸՀ նիստերին եւ աշխատանքի թափանցիկություն եւ հրապարակայնություն են արձանագրում:
ԿԸՀ-ն տեղամասային հանձնաժողովների անդամների պրոֆեսոնալիզմի բարձրացմանն ուղղված ուսուցումներ է կազմակերպում: Հրապարակվել են մեթոդական ուղեցույցներ այդ նպատակով:
Դիտորդական առաքելության անդամները փետրվարի 5 –ին ԿԸՀ-ում ներկա են եղել նիստերի օնլայն հեռարձակման շնորհանդեսին: Առաքելության անդամներն այցելել են նաեւ Արարատի, Կոտայքի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի ընտրատարածքային հանձնաժողովներ:
Գրեթե ավարտվել է նաեւ առաքելության ձեւավորումը, որի կազմում հավատարմագրվել է 170 դիտորդ, որոնք ներկայացնում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ գործադիր կոմիտեն:





























