ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում վրա հասած «Նեմո» ձնաբուքը տեղական օդանավակայաններին ստիպել է հետաձգել շուրջ 1,5 հազար չվերթ։
Ձնաբքի հարվածի տակ են հայտնվել Նյու Յորքը, Բոստոնը եւ Չիկագոն։ Ըստ օդերեւութաբանների՝  ձյան մակարդակը կգերազանցի 30 սմ-ը, իսկ որոշ շրջաններում կհասնի մինչեւ 50 սմ-ի։ Ձյան առատ տեղումները կուղեկցվեն մինչեւ 65 կմ/ժ քամու հոսանքներով եւ օդի ջերմաստիճանի զգալի նվազմամբ, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

Տեղի բնակիչները շտապել են առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերել՝ խմելու ջուր,  լապտերներ, մոմեր եւ մարտկոցներ։
Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն կարգադրել է փակել բոլոր դպրոցները, գլխավոր փողոցներում արգելված է ավտոտրանսպորտի  կայանումը, իսկ  բնակիչներին  հրահանգվել է չլքել տներն առանց ծայրահեղ անհրաժեշտության։

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը գործատուներին խորհուրդ է տվել աշխատավայր  չկանչել իրենց պարտականությունները հեռակա կարգով կատարելու ունակ աշխատողներին։