Եվրոպական խորհրդի Մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Պեդրո Ագրամունտը եւ Ջոզեֆ Գրեշը խոր անհանգստություն են հայտնել Ադրբեջանում դեպքերի բացասական զարգացման, այդ թվում՝ խաղաղ ցուցարարներին բռնելու եւ դատելու, ընդդիմադիր գործիչներին կալանավորելու  կապակցությամբ:

Հունվարի 26-ին Բաքվում խաղաղ  ցույցի ընթացքում ձերբակալվել էր շուրջ 80 մարդ, որոնք բողոքում էին հունվարի 23-24-ին Իսմայիլ քաղաքում իշխանությունների բռնության դեմ: Բաքվում 30 ցուցարարներ վարչական տույժի էին ենթարկվել, իսկ հինգը՝ ձերբակալվել, հիշեցնում է contact.az-ը:

«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերանայել ձերբակալվածների գործերը մարդու իրավունքների չափորոշիչների համաձայն: Բանտերում վատ վերաբերմունքի եւ տանջանքների մասին բոլոր լուրերը պետք է ստուգվեն, իսկ մեղավորները՝ պատժվեն», - ասված է հայտարարության մեջ:

Զեկուցողները հատկապես առանձնացնում են REAL-ի ղեկավար Իլհար Մամեդովի եւ «Մուսավաթի» նախագահի տեղակալ Թոֆիկ Յագուբլուի ձերբակալման փաստը:

«Բողոքներից մի քանի օր անց տեղի ունեցած այդ ձերբակալությունները հիմք են տալիս լուրջ կասկածելու դրանց օրինականությանը: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում կիրառել բոլոր օրինական միջոցներն այդ ընդդիմադիր գործիչների ազատման համար», - նշել են զեկուցողները:

Նրանք նաեւ հիշեցրել են, որ Ադրբեջանը պետք է հետեւի եւ կատարի ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները:

«Իրավաբանական գործընթացի արդարությունը պետք է ապահովվի, ինչպես եւ հետաքննության թափանցիկությունը: Հավաքների եւ արտահայտման ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են, որոնք պետք է երաշխավորվեն ԵԽ-ի յուրաքանչուր անդամի կողմից», - նշել են զեկուցողները: