Հիմնը փոխելու համար անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել: Այս մասին Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց փետրվարի 8-ին Երեւանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը:
Պատասխանելով ներկայիս հիմնը Արամ Խաչատրյանի երաժշտությամբ փոխարինելու եւ դա կարճ ժամկետներում անելու հնարավորության մասին հարցին, նախագահը նշեց, որ կարճ ժամկետներում դա չի հաջողվի, քանի որ հիմնի երաժշտությունը փոխելու համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել: Այնպես որ, առաջիկա ընտրություններում ընտրված նախագահի երդմնակալությունը տեղի կունենա գործող հիմնի հնչյունների ներքո:
Սերժ Սարգսյանը նշեց, որ իրեն նախկինում եւս այդ հարցով մի խումբ մտավորականներ են դիմել: Սակայն եթե անգամ որոշում կայացվի եւ հանրաքվե նշանակվի, դա հսկայական աշխատանքի հետ է կապված: Նախագահի խոսքով` պետք է հաշվի առնել, որ հայերի մեկ երրրոդն է ապրում Հայաստանում, մնացածը` արտերկում եւ երկար տարիներ ընդունում է այս հիմնը: «Պետք է հաշվի առնել այս առաջարկության հետ կապված բոլոր հարցերը»,-նկատեց նախագահը:





























