Ճիշտ կլինի Հայ ազգային կոնգրես դաշինքը պահպանել, հնարավոր է նաեւ դուրս եկածներն էլ միանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: «Փաստորեն այն մի խումբ մարդիկ, որոնք ամեն մեկին պիտակավորում էին եւ մարդկանց վանում էին, արդեն դուրս են գալիս: Փորձելու ենք պահպանել դաշինքը, այսօր Հայաստանում շատ բան չի մնացել»,- նշեց նա: Պետրոս Մակեյանն ասաց, որ դեռեւս վերջնական ոչինչ չեն կարող ասել, քանի որ անհրաժեշտ է հավաքվել եւ գործընկերների հետ քննարկել: Հնարավոր է նրանք հանդիպեն մինչեւ հաջորդ շաբաթ չորեքշաբթի կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստը, ոչ ՀԱԿ-ի շենքում:
Նա նշեց, որ ՀԱԿ անդամ կուսակցություններով կհավաքվեն, «կորոշեն ինչ անել եւ ինչպես ինչպես վարվել այդ անազնիվ քայլի հետ, որ կատարել են իրենց 28 գործընկերները»: ՀԱԿ անդամը պարզաբանեց, որ 2008թ օգոստոսի 1-ի հայտնի հանրահավաքում ստորագրվել է հռչակագիր Հայ ազգային կոնգրես անվանումով, անվան հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, բայց դրա տակ ստորագրել են 18 քաղաքական միավորներ եւ նախաձեռնություններ: «Անվանումը վերցրել են, մեր տեսակետը չեն հարցրել, դա, մեղմ ասած, ոչ ազնիվ քայլ է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ հարցին անդրադառնալիս ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պարզաբանել էր, որ այդ անունով կուսակցություն պետռեգիստրում գրանցված չկա, նա նշեց, որ «իրենք թյուրիմացության մեջ են, անունը առանց հարցնելու, օգտագործել են, կոպիտ ասած` գողացել են»: «Կոնգրես դաշինքը մնա, որ ՀՀՇ կուսակցությունը Կոնգրեսի անվան տակ բարգավաճի՞»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանը չբացառեց, որ իրենց կուսակցությունից գուցե լինեն մարդիկ, որոնք անդամակցեն նոր ստեղծվելիք կուսակցությանը, բայց ինքը դա չի անի: ««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիրները 1997թ դուրս են եկել ՀՀՇ-ից` ունենալով տարաձայնություններ վարվող քաղաքական կուրսի հետ կապված, եւ հիմա մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, եւ ցավոք սրտի, ՀՀՇ-ն էլ չի փոխվել, որ նորից վերադառնանք ՀՀՇ»,- ասաց նա: Կուսակցության ղեկավարը նշեց, որ կուլիսներում խոսվել է կուսակցության ստեղծման մասին, մեծամասնությունը դեմ է եղել, բայց «այն, որ ինչ-որ մարդիկ իրենց իրավունք վերապահեն արհարմարհելով եւ անտեսելով մնացած գործընկերների տեսակետը, անունը գողանան, մեղմ ասած` ազնիվ չէ»: «Նոր կուսակցություն չի ստեղծվում, ՀՀՇ-ն անունը փոխում են, դա երեւում է, երբ նախաձեռնողներին նայում ես, կեսը ՀՀՇ-ից են, կեսն էլ անկուսակցական, որոնք վերջին տարիներին կորդինացրել են Կոնգրեսի աշխատանքները»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանը շեշտեց, որ փորձելու են համախմբել քաղաքական հնարավոր մտահոգ ուժերին,հասարակության մեջ մտցնել այն, որ հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել:
Նշենք, որ 28 անհատներ դիմել են Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: Իսկ նախօրեին ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է նա:





























