19-ամյա Ն. Հ.-ն Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանում խցակիցներից լսելով, թե ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունեցած զինծառայողներն ազատվում են ծառայությունից,  ասել է, թե ինքը եւս նման հարբերություն է ունեցել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` N զորամասի զինծառայող 19-ամյա Ն. Հ.-ն, ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով սուտ տեղեկություններ է հայտնել, թե իբր նախքան բանակ գալը ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ է ունեցել: Վերջինս նախաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել, որ ծառայության նշանակվելու առաջին իսկ օրերից չի կարողացել ընտելանալ եւ հարմարվել զինվորական ծառայությանը, սակայն այդ մասին ոչ մեկին չի պատմել:

2012թ. ապրիլի 8-ին ընկերուհուն տեսակցելու նպատակով, նա ինքնակամ թողել է զորամասի տարածքը, սակայն մտափոխվել է եւ նույն օրը ժամը 19-ի սահմաններում ներկայացել զորամաս: Հաջորդ օրը զորամասի հրամանատարի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի` 10 օր կալանքի: Տույժը կրելու համար իրեն տեղափոխել են Ստեփանակերտի ՌՈ կարգապահական մեկուսարան: Նշված խցում տույժ կրող 5 ժամկետային զինծառայողների խոսակցություններից Ն. Հ.-ն լսել է, թե իբր ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունեցած զինծառայողներն ազատվում են զինծառայությունից եւ զորացրվում պահեստազոր:

Մտադրություն ունենալով վերջնականապես ազատվել զինծառայությունից, 2012թ. ապրիլի 13-ին խցում գտնվող զինծառայողներին հայտնել է, որ քաղաքացիական կյանքում ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել ընկերուհու հետ:

Խցում գտնվող զինծառայողներն այդ մասին հայտնել են մեկուսարանի հսկիչին եւ ինքը հսկիչի ներկայությամբ նույնպես հաստատել է այդ հանգամանքը, որից հետո իրեն տեղափոխել են այլ խուց: Այնուհետեւ հետագա ծառայությունը շարունակելու նպատակով իրեն տեղափոխել են մեկ այլ զորամաս, որտեղ ծառայում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զինծառայողներ:

Հասկանալով, որ իրեն չեն զորացրելու, այլ ընդհակառակը տեղափոխել են այնպիսի զորամաս, որտեղ ծառայելն իրեն վայել չէ, նա գնացել է զորամասի հրամանատարի մոտ, պատմել իրականությունը եւ խնդրել, որ իրեն անմիջապես տեղափոխեն այնտեղից: Նույն օրը իրեն տեղափոխել են:

Ն. Հ.-ն դատաքննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ, նշելով, որ իրականում քաղաքացիական կյանքում ոչ բնական ճանապարհով ոմն Անուշի հետ է ինտիմ հարաբերություն ունեցել: Ինքն այդ մասին հայտարարել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում, երբ զորամասն ինքնակամ լքելու համար կարգապահական տույժ էր կրում իր հետ խցում գտնվող զինծառայողների հետ:

Քննելով գործը դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ն. Հ-ի նախաքննության ժամանակ տված ցուցմունքն է ճիշտ:  Քննելով գործը դատարանը վճռել է Ն. Հ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 363 հոդվածի 2-րդ մասով եւ նշանակել պատիժ` ազատազրկում 3 տարի ժամկետով: Դատական նիստը նշանակվել է փետրվարի 27-ին: